Հոդված 309.3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
Հոդված 309.3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։
2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (շինություններ, հրապարակներ))՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների, որոնց ժամանակավոր պահպանումն իրականացվում է միջազգային փոստային փոխանակման վայրերում (հիմնարկներում)։
3. Կառույցները (շինությունները, հրապարակները) համարվում են մաքսային հսկողության գոտիներ։
4. Ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունն առաջանում է, դադարում է և ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածին համապատասխան, իսկ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան։
5. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում։