Հոդված 309.1. Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթները
Հոդված 309.1. Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթները
1. Սույն գլխով սահմանվում են էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու, Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու և օգտագործելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների առանձնահատկությունները, էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ապրանքների և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ մաքսային վճարների կիրառումը։
Միության մաքսային տարածքից էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման կարգի և պայմանների առանձնահատկությունները՝ ներառյալ այդ ապրանքների բացթողման պայմանները, Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու կարգի առանձնահատկությունները և այդ ապրանքների հետ կապված մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները, հաշվի առնելով սույն Օրենսգրքի 309.8 հոդվածի 5-րդ կետը, սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
2. Միության տարածք ներմուծված այն ապրանքները, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվել են սույն Օրենսգրքով և Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների կիրառմամբ, բացթողումից հետո չպետք է օգտագործվեն կոմերցիոն գործունեության մեջ։
Նշված ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործելու փաստերի հայտնաբերման դեպքում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում գործարքի կողմ հանդիսացող և այդ ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործող ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է այդ ապրանքների օգտագործումը։
3. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկը և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ սույն գլխի դրույթները չեն կիրառվում։
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով տեղափոխման՝ առանց սույն Օրենսգրքով և Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների կիրառման։