Հոդված 309.8. Մաքսատուրքերի կիրառումը և մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքների մասով
Հոդված 309.8. Մաքսատուրքերի կիրառումը և մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքների մասով
1. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքով հարկման օբյեկտ են համարվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքները։
2. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման նպատակով դրանց հաշվարկման բազա է համարվում, կախված Միության մաքսային տարածք ներմուծվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, այդ ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր)։
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 309.10 հոդվածին համապատասխան։
3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված մաքսատուրքի միասնական դրույքաչափը որոշվում է Հանձնաժողովի կողմից։ Մաքսատուրքի այդ միասնական դրույքաչափը կարող է որոշվել՝ ելնելով ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից։
4. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերը, որոնց սահմաններում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվում՝ առանց միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող նորմերի սահմաններում, որոնք ավելի խիստ են, քան Հանձնաժողովի կողմից սահմանված նորմերը։
5. Էլեկտրոնային առևտրի այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվում են այդ ապրանքների ստացող հանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց հասցեով, արտահանվում են Միության մաքսային տարածքից առանց մաքսատուրքերի վճարման, եթե այլ բան սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից այդ ապրանքներն արտահանվում են։
Եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի վճարման անհրաժեշտությունը, ապա այդ անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերով հարկվող օբյեկտը, այդ ապրանքների համար մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարման հանգամանքները, այդ պարտավորության կատարման ժամկետներն ու կարգը, այդ տուրքերը վերադարձնելու և բռնագանձելու կարգը։
6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ Միության մաքսային տարածք նորմուծվող և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային վճարները կիրառվում են սույն Օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան։
7. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը։
8. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափեր։
Եթե միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման նպատակով պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդ վերահաշվարկը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։
9. Միասնական դրույքաչափով գանձվող, մաքսատուրքի միասնական դրույքաչափի կիրառմամբ վճարման և (կամ) բռնագանձման ենթակա մաքսատուրքի գումարը որոշվում է միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման համար բազայի և մաքսատուրքի համապատասխան միասնական դրույքաչափի կիրառման եղանակով։
10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության կատարման պահը (վճարման օրը), միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարների և այլ դրամական միջոցների (փողերի) վերադարձման (հաշվանցման) կարգը սահմանվում են սույն Օրենսգրքի 6-10-րդ գլուխներին համապատասխան։
11. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք վճարողներ են հանդիսանում այն անձինք, որոնց մոտ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է սույն Օրենսգրքի 309.9 հոդվածին համապատասխան։
12. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։
13. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին, որտեղ, սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
14. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության արժույթով, որտեղ, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
15. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման ձևերն ու եղանակները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը անկանխիկ կարգով վճարելու դեպքում և վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (փողի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ։
16. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման դեպքում սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված մաքսատուրքերը չեն վճարվում։
17. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։
18. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է վճարողի կողմից։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը նաև այլ անձանց կողմից կատարվելու հնարավորություն։
19. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է այն վճարելով սույն Օրենսգրքի 309.9 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում՝ սույն հոդվածին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափերով։
Սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր՝ սույն Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձը կատարվում են այն անդամ պետությունում, որտեղ, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձում իրականացնող մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ստացել է այն հանգամանքների վրա հասնելը հաստատող փաստաթուղթ, որոնց դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է:
20. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով ու ժամկետներում, միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարողին ուղարկում է սահմանված ժամկետում այդ մաքսատուրքի գումարները չվճարելու մասին ծանուցում՝ բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
Նշված ծանուցման ձևը, այդ ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
21. Մաքսային մարմինը չի ուղարկում սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի չվճարման փաստը հայտնաբերելու դեպքում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, և որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը, միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ սույն գլխին համապատասխան։ Նշված դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում։
22. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը սույն հոդվածի 20-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված այդ մաքսատուրքի բռնագանձմանը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 23-27-րդ կետում նշված առանձնահատկությունները։
23. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցներին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները:
24. Ի հավելումն սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ:
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, որոնց համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք չի վճարվել, այդ ապրանքների մասով միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարեցվում է։
25. Սույն հոդվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը։
26. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում`
1) միասնական դրույքաչափով գանձվող՝ չվճարված մաքսատուրքի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը, լրացել է.
2) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.
3) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է այդ մաքսատուրքը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 309.9 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.
4) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է՝ սույն հոդվածի 24-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.
5) այն ֆիզիկական անձի մահվան վրա հասնելը, որի մոտ, սույն Օրենսգրքին համապատասխան, առաջացել է միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորություն, կամ նրան մահացած հայտարարելը (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում).
6) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր, որի մաքսային մարմնի կողմից կատարվում է բռնագանձումը:
27. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը բռնագանձվում է սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածում նշված մաքսային մարմինների կողմից։