Հոդված 22. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 22. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է հանձնաժողովը:
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո:
Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները.
բ) սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխելու լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը:
3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին:
4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի սահմանման (վերանայման) հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):
6. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
7. Գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է էլեկտրական, ջերմային էներգիան և բնական գազը վաճառել կամ լիցենզավորված ծառայությունները մատուցել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, և (կամ) այն նպատակաուղղված չէ շուկայում մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելուն, և եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:
8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը` հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:
(22-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-92-Ն, 19.06.13 ՀՕ-86-Ն)