Հոդված 28. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է`
ա) իր գործունեությունն իրականացնել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերին ու գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին համապատասխան.
բ) հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը.
գ) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող սարքավորումների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումը` ապահովելով քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգությունը.
դ) ապահովել լիցենզավորված գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին և գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին.
ե) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների էներգատեղակայանքների և գծերի մատչելիությունը հանձնաժողովի և օրենքով սահմանված այլ մարմինների ներկայացուցիչների համար.
զ) բնակչությանը իրազեկ պահել անվտանգության տեխնիկայի կանոններին, այլ նորմերով սահմանված կողմերի իրավունքներին և պարտականություններին, որոնք առնչվում են գործունեության լիցենզիային և պայմանագրերին.
է) լիցենզիայի պայմաններին համապատասխան իրականացնել տեխնիկական (ներառյալ` տեխնոլոգիական կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի, սեփական կարիքների համար անհրաժեշտ էներգիայի կամ բնական գազի ծախսի և այլն) և (կամ) ֆինանսական աուդիտ` անկախ փորձագետների ներգրավմամբ.
ը) սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել զարգացման ներդրումային ծրագրերը` սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով.
թ) հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, վառելիքի տեսակարար ծախսերի, սեփական կարիքների համար օգտագործվող էներգիայի, բնական գազի և սակագնի տարր կազմող այլ մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.
ժ) իրականացնել սույն օրենքով ամրագրված մյուս պարտավորությունները:
2. Լիցենզավորված անձի կողմից իրականացվող տնտեսական այլ գործունեությունը չպետք է վտանգի լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը: