Հոդված 42. ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ
Հոդված 42. ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալու խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կարող է կիրառել տուժանքների հետևյալ տեսակները`
ա) նախազգուշացում.
բ) սույն օրենքով սահմանված տուգանքներ.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Նախազգուշացումը որպես տուժանք կարող է կիրառվել սույն օրենքի դրույթների, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանների ցանկացած խախտման դեպքում:
3. Լիցենզավորված անձանց կողմից`
ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչև քառասունհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչև քսանհազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքների չափերը (մեծությունները) չեն տարածվում Էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վրա կայանների կառուցման համար նախատեսված ժամանակահատվածում, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց և մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էներգիայի վերականգնվող աղբյուրների (այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների) կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձանց վրա:
5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված լիցենզավորված անձանց կողմից`
ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն օրենքով սահմանված տուգանքները կարող են կիրառվել, եթե լիցենզավորված անձի կատարած խախտման հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, կամ խախտվել են սպառողի իրավունքներն ու օրինական շահերը, կամ կատարված խախտումը հանգեցրել է այլ լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, կամ կատարվել է դիտավորությամբ, կամ նախորդ խախտման պահից մեկ տարվա ընթացքում լիցենզավորված անձի կատարած երկրորդ կամ ավելի խախտումն է կամ կրում է տևական կամ շարունակական բնույթ:
7. Սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
8. Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում արտահայտելու իր կարծիքը, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:
(42-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-129-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն)