Հոդված 6. Խորհրդի լիազորությունները
Հոդված 6. Խորհրդի լիազորությունները
1. Խորհուրդը`
1) իրականացնում է Ակադեմիայի կառավարումը.
2) մշակում և արդարադատության նախարարի միջոցով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները, հրահանգները և ցուցումները.
4) լսում է Ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է Ակադեմիայի գործունեության վերստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում Ակադեմիային ամրացված պետական սեփականության, ինչպես նաև Ակադեմիայի սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, Կանոնադրությանը համապատասխան համաձայնություն է տալիս Ռեկտորի կողմից Ակադեմիայի գույքը օտարելու, ձեռք բերելու կամ օգտագործման հանձնելու հետ կապված խոշոր գործարքներ կատարելու համար.
6) Ռեկտորի նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կարգապահական տույժեր, ինչպես նաև սահմանում է ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձևավորում համապատասխան հանձնաժողով.
7) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
8) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).
9) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.
10) հաստատում է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված անկախ աուդիտ իրականացնող անձին.
11) հաստատում է իր աշխատակարգը և նիստերի ժամանակացույցը.
12) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի կրթական չափորոշիչները, ուսուցման ծրագրերը, դրանց իրականացման կարգերը և ժամանակացույցերը.
13) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում փորձաշրջանի անցկացման կարգը և ունկնդրի փորձաշրջանի գնահատման չափանիշները, փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, փորձաշրջանից հետո ներկայացվող հաշվետվության և գրավոր գնահատագրի ձևերը.
14) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները, ունկնդրի գիտելիքների գնահատման և քննական միավորների հաշվարկման կարգը, քննությունների անցկացման ժամանակացույցը, գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության արդյունքների բողոքարկման կարգը.
15) սահմանում է գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության կարգն ու պայմանները.
16) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդիրների նկատմամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու հարցը.
17) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից ունկնդրին հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդ կամ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ.
18) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրին տարկետում տրամադրելու հարցը.
19) Ռեկտորի ներկայացմամբ սահմանում է վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման խմբերում ընդգրկվող ունկնդիրների առավելագույն թվաքանակը.
20) իրականացնում է սույն օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
2. Խորհուրդը ձեռնարկում է Ակադեմիայի գործունեության ստուգմանն ուղղված միջոցառումներ՝ Խորհրդի առնվազն երկու անդամի կամ արդարադատության նախարարի պահանջով՝ դրանում նշված հիմքերի սահմաններում: Ստուգմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պահանջը տարվա ընթացքում մեկ անգամ ենթակա է պարտադիր բավարարման խորհրդի կողմից, որից հետո նույն անդամի կողմից նմանատիպ պահանջ կրկին ներկայացվելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում պահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ստուգումներն իրականացնելու նպատակով Խորհուրդն իր կազմից ձևավորում է համապատասխան խումբ, որի մեջ չեն մտնում ստուգման վերաբերյալ պահանջով հանդես եկած անդամները: Ստուգումներն իրականացնելու նպատակով հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվելու պարագայում Խորհուրդը իր որոշմամբ կարող է ներգրավել համապատասխան մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության: Այս դեպքում ստուգումների իրականացումը ֆինանսավորվում է Ակադեմիային պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների հաշվին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված Խորհրդի լիազորությունները չեն տարածվում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների՝ Ակադեմիայում ուսուցման վրա:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված լիազորությունները քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների մասով իրականացնում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մասով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն օրենքով նախատեսված կարգով:
(6-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-154-Ն, 16.11.22 ՀՕ-426-Ն)
(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)