Հոդված 9. Ակադեմիայի գործադիր մարմինը
Հոդված 9. Ակադեմիայի գործադիր մարմինը
1. Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:
2. Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն ինը ձայնով ընդունված որոշմամբ:
3. Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ)` հայտ ներկայացրած թեկնածուների թվից:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչապետը Խորհրդի առաջարկած թեկնածուների թվից երկշաբաթյա ժամկետում չի նշանակում Ռեկտոր, ապա Խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ:
5. Ռեկտորի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ռեկտորի պաշտոնում:
6. Խորհուրդը Ռեկտորի լիազորությունների ավարտից առնվազն 40 օր առաջ Ակադեմիայի պաշտոնական կայքում (www.justiceacademy.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
7. Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, և ոչ ավելի, քան մեկ ամիս է:
8. Ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Ռեկտորի պաշտոնի համար մրցույթը հայտարարվում է պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում:
9. Ռեկտորի լիազորությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը:
10. Ռեկտորի լիազորությունների դադարեցման, պաշտոնը թափուր մնալու կամ սույն օրենքով սահմանված կարգով Ռեկտորի լիազորությունների կասեցման դեպքում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը:
11. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
(9-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, 16.11.22 ՀՕ-426-Ն)