Հոդված 16. Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 16. Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրը կարող է Ռեկտորի ներկայացմամբ Խորհրդի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները խախտելու կամ ուսումնական դասընթացներից անհարգելի պատճառով բացակայելու համար։
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական տույժի է ենթարկում քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կարգապահական տույժերի տեսակներն են`
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.
4) ունկնդրին դատավորների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Արդարադատության խորհրդին, քննչական կոմիտեի նախագահին կամ գլխավոր դատախազին դիմելու մասին՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
3. Ունկնդրին Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
4. Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, ունկնդրի անձը, առկա կարգապահական տույժերը, ունկնդրին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Խորհուրդը, ունկնդրին կարգապահական տույժի ենթարկելու հարցը քննարկելով, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական տույժ կիրառելու հարցի քննությունը կարճելու մասին.
2) ունկնդրին սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տույժերի ենթարկելու մասին:
6. Խորհուրդը կարճում է ունկնդրին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունն այն դեպքում, երբ՝
1) առկա չէ ունկնդրին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
2) կարգապահական տույժ կիրառելու հարցի քննությունն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, եթե ունկնդիրը համաձայն է հարցի քննության կարճմանը նշված հիմքով:
7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Խորհուրդը պետք է որոշում կայացնի հարցը Խորհրդի քննարկմանը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ չհաշված ունկնդրի հիվանդության պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը:
8. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված ունկնդրի հիվանդության պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը:
9. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտումը կատարելու օրվանից։
10. Կարգապահական տույժի մասին ունկնդրին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում։
11. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։
12. Եթե ունկնդիրը կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
13. Եթե ունկնդիրը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են կրթաթոշակի իջեցում, ապա կրթաթոշակի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել կրթաթոշակի 50 տոկոսը:
14. Ունկնդիրը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու մասին Խորհրդի որոշումը բողոքարկել վարչական դատարան՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում:
(16-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)