Հոդված 22. Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները
Հոդված 22. Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները
1. Ուսումնառության ժամաքանակի չափման միավորը մեկ ակադեմիական ժամն է, որի տևողությունը 40 րոպե է:
2. Դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը կազմում է առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ:
2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:
2.2. Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Դատական ծառայողների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական ծառայողների ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար հանրապետության գլխավոր դատախազը և Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ դատական կարգադրիչների պարագայում՝ դատական դեպարտամենտի ղեկավարը:
4. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս:
5. Դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման գործընթացը, որպես կանոն, սկսվում է թեկնածությունների ցուցակի համալրումն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվանից:
(22-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)