Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2025-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 18. Ուսուցման գործընթացի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2025-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ուսուցման գործընթացի հիմնական հասկացությունները

1. Ակադեմիայում ուսումնական գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) մասնագիտական պատրաստում` դատավորների թեկնածուների հավակնորդների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցում` ուղղված վերջիններիս մեջ դատավորի, քննիչի կամ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցումն ընդգրկում է ունկնդիրների փորձաշրջանը, իսկ Խորհրդի սահմանած դեպքերում` նաև առանձին առարկայական կուրսեր.

2) վերապատրաստում` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման համար կոնկրետ ոլորտների ուսումնասիրության միջոցով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց.

3) լրացուցիչ վերապատրաստում` վերապատրաստման ուսուցման ծրագրերից դուրս առանձին ոլորտում անհրաժեշտ մասնագիտական, որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց.

4) հատուկ ուսուցում՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով դատավորների՝ իրենց համաձայնությամբ, քննիչների, դատախազների և դատական կարգադրիչների ուսուցում.

5) ուսուցման ծրագիր` որոշակի մակարդակ և մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ.

6) ուսումնական պլան` ուսումնասիրվող առարկայական կուրսերի (դրանց բաժինների, թեմաների) անվանացանկը և ունկնդիրների ուսուցման տեսակները (դասախոսություն, սեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք և այլն).

7) դասավանդման սեղմագիր` ուսումնասիրվող առարկայական կուրսի կամ թեմայի կամ այլ նյութի վերաբերյալ իրականացվող դասընթացի բովանդակության գրավոր նկարագրություն.

8) ուսումնառության ժամկետ` տվյալ առարկայական կուրսի կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն.

9) կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է ընդհանուր պահանջներ ուսուցման ծրագրի վերաբերյալ, պահանջներ ուսուցման ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, նրանց ներկայացվող որակական պահանջների, ունկնդիրների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալի, ուսուցման կազմակերպման ժամկետների վերաբերյալ.

10) հեռավար ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով:

(18-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, խմբ. 13.06.18 ՀՕ-354-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։