Հոդված 18. Ուսուցման գործընթացի հիմնական հասկացությունները
Հոդված 18. Ուսուցման գործընթացի հիմնական հասկացությունները
1. Ակադեմիայում ուսումնական գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) մասնագիտական պատրաստում` դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջնային ուսուցում՝ ուղղված վերջիններիս մեջ դատավորի, քննիչի կամ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը.
2) վերապատրաստում` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման համար կոնկրետ ոլորտների ուսումնասիրության միջոցով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց.
3) լրացուցիչ վերապատրաստում` վերապատրաստման ուսուցման ծրագրերից դուրս առանձին ոլորտում անհրաժեշտ մասնագիտական, որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց.
4) հատուկ ուսուցում՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով դատավորների՝ իրենց համաձայնությամբ, քննիչների, դատախազների և դատական կարգադրիչների ուսուցում.
5) ուսուցման ծրագիր` որոշակի մակարդակ և մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ.
6) ուսումնական պլան` ուսումնասիրվող առարկայական կուրսերի (դրանց բաժինների, թեմաների) անվանացանկը և ունկնդիրների ուսուցման տեսակները (դասախոսություն, սեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք և այլն).
7) դասավանդման սեղմագիր` ուսումնասիրվող առարկայական կուրսի կամ թեմայի կամ այլ նյութի վերաբերյալ իրականացվող դասընթացի բովանդակության գրավոր նկարագրություն.
8) ուսումնառության ժամկետ` տվյալ առարկայական կուրսի կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն.
9) կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է ընդհանուր պահանջներ ուսուցման ծրագրի վերաբերյալ, պահանջներ ուսուցման ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, նրանց ներկայացվող որակական պահանջների, ունկնդիրների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալի, ուսուցման կազմակերպման ժամկետների վերաբերյալ.
10) հեռավար ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով:
(18-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)