Հոդված 27. Քննությունների անցկացման և արդյունքների բողոքարկման կարգը
Հոդված 27. Քննությունների անցկացման և արդյունքների բողոքարկման կարգը
1. Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները, որպես կանոն, գնահատվում են գրավոր քննությունների միջոցով: Գրավոր քննության համար նախատեսված կարգից բացառություններ կարող են նախատեսվել Խորհրդի որոշմամբ այն առարկայական կուրսերից հանձնվող քննությունների համար, որոնք չեն կարող անցկացվել գրավոր եղանակով:
2. Գրավոր քննության արդյունքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:
3. Գրավոր քննության յուրաքանչյուր աշխատանքի ստուգումը իրականացնում են սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողները, որոնցից մեկը պետք է լինի համապատասխանաբար դատավոր, քննիչ, դատախազ, դատական դեպարտամենտի ղեկավարի, քննչական կոմիտեի նախագահի կամ գլխավոր դատախազի նշանակած անձը, իսկ մյուսը՝ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:
4. Եթե դատավորների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում նախատեսված գրավոր քննության՝ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է առնվազն 20 տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր, քննիչ կամ դատախազ և գիտության համապատասխան բնագավառի՝ արդարադատության նախարարի նշանակած մյուս մասնագետը, իսկ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում ստուգումն իրականացնում են հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու այլ ստուգողներ:
5. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:
6. Ակադեմիայում գրավոր քննության ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար 2, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ 4 ստուգողների նշանակած գնահատականների միջինով:
7. Ակադեմիայում քննության ժամանակ ունկնդրին տրվող հարցերը պետք է բխեն ուսումնական ծրագրի շրջանակներում մատուցված նյութից:
8. Ստուգված գրավոր աշխատանքները պետք է պարունակեն դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:
9. Ունկնդիրն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:
10. Յուրաքանչյուր ունկնդիր գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:
11. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս ունկնդիրը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:
12. Գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:
13. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են:
14. Քննության հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:
15. Ռեկտորը ապահովում է գրավոր քննությունների ողջ ընթացքի տեսաձայնագրումը:
16. Ունկնդիրն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները:
17. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության նախարարը՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում, դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում, քննչական կոմիտեի նախագահը` քննիչների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում, իսկ գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պարագայում, կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ քննության տեսագրության կրկնօրինակը և գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:
(27-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)