Հոդված 19. Ուսուցման ծրագիրը
Հոդված 19. Ուսուցման ծրագիրը
1. Ուսումնական գործընթացն անցկացվում է Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա կազմված և սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված ուսուցման ծրագրերով` սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ:
2. Ակադեմիայում իրականացվող ուսուցման ծրագրերն են`
1) դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը.
2) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց վերապատրաստման ծրագրերը.
3) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ վերապատրաստման ծրագրերը.
4) դատավորների, քննիչների դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցման ծրագրերը:
3. Կրթական չափորոշիչները հաստատվում են Խորհրդի` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանած կարգով:
4. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Դատարանների նախագահների խորհուրդը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, իսկ դատական կարգադրիչների դեպքում՝ նաև դատական դեպարտամենտի ղեկավարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը:
5. Ոչ ուշ, քան դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը Ակադեմիայում դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ:
6. Ոչ ուշ, քան դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Դատարանների նախագահների խորհուրդը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման հաջորդ տարվա ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման հայտարարության հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետում Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը:
7. Խորհուրդը հաստատում է Ռեկտորի ներկայացրած ծրագրերը կամ իր որոշմամբ Ռեկտորին առաջարկում է դրանցում կատարել փոփոխություններ: Ծրագրերում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ Ռեկտորի անհամաձայնության դեպքում Խորհուրդն իրավունք ունի ծրագրերը իր հաստատմանը կրկին ներկայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հաստատելու ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով: Ծրագրերը սահմանված ժամկետում Խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում դրանք ընդունված են համարվում Ռեկտորի ներկայացրած տարբերակով:
7.1. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և համապատասխանաբար քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի ու հատուկ քննչական ծառայության պետի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին ու հատուկ քննչական ծառայության պետին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։
7.2. Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում իրենց համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա Ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը պետք է ներկայացնեն ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:
8. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմինների կողմից ատեստավորման կամ գործունեության գնահատման արդյունքներով դատախազների, քննիչների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների և դատական կարգադրիչների նկատմամբ լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում որոշման կայացումից հետո` երկշաբաթյա ժամկետում, այն ուղարկվում է Ռեկտորին՝ առաջարկություն ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը:
9. Գործնական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Դատարանների նախագահների խորհուրդը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը կամ արդարադատության նախարարը Ռեկտորին կարող են առաջարկություններ ներկայացնել սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը, կամ նշվում է թիրախային խումբը: Ռեկտորն իրավունք ունի իր նախաձեռնությամբ Խորհուրդ ներկայացնելու լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:
10. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված առաջարկության առկայության դեպքում Ռեկտորը ողջամիտ ժամկետում կազմում և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վերապատրաստման ուսուցման ծրագիրը: Խորհուրդը կարող է մերժել լրացուցիչ վերապատրաստման ծրագրի իրականացումը:
11. Ուսուցման ծրագիրը առնվազն ներառում է`
1) կրթական չափորոշիչները.
2) ուսուցման ձևը.
3) ուսումնառության ժամաքանակը և ժամկետը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
4) գնահատման եղանակը, եթե ուսուցման ավարտին նախատեսվում է գնահատում.
5) դասավանդվող առարկայական կուրսերի և դրանցում ներառվող թեմաների նկարագիրը:
12. Ուսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կազմվում են ուսումնական պլան և դասավանդման սեղմագրեր:
(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն)