Հոդված 117. Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո`
Հոդված 117. Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո`
1) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին.
2) Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Մինչ այդ գործում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը.
3) Սահմանադրությամբ սահմանված սոցիալական իրավունքները գործում են համապատասխան օրենքներով սահմանված ծավալով.
4) մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը Հանրապետության Նախագահը կարող է՝
ա) Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո արձակել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն, բ) ազատել վարչապետին.
5) մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` վարչապետը: Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը.
6) մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին.
7) կենտրոնական բանկի նախագահը պաշտոնավարում է մինչև գործող օրենքով սահմանված ժամկետի ավարտը.
8) վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո՝ հինգ ամսվա ընթացքում: Մինչ այդ վերահսկիչ պալատը շարունակում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը սահմանված լիազորությունների իրականացումը.
9) գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո՝ մինչև Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը.
10) արդարադատության խորհրդի գործող դատավոր և իրավաբան-գիտնական անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում ընտրում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամներին.
11) 83.2-րդ հոդվածով նախատեսված անկախ մարմնի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Նրանց պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգային ժողովի և Հանրապետության Նախագահի կողմից.
12) Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Մինչ այդ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը և տարածքային կառավարումը իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.
13) սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը: