Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝
Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝
1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:
Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
3) Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն.
4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը.
5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
6) կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
8) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
9) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
10) նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ:
Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
11) արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահներին և դատավորներին, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին, դադարեցնում է նրանց լիազորությունները, համաձայնություն է տալիս նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, արդարադատության խորհրդի եզրակացությամբ նշանակում է վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորներին.
11.1) նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամներ.
12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
16) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
17) ներում է շնորհում դատապարտյալներին: