Հոդված 8. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը և սոցիալական երաշխիքները
Հոդված 8. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը և սոցիալական երաշխիքները
1. Պաշտպանի և նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում:
2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:
3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:
5. Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։
6. Պաշտպանը մասնակցում է Ազգային ժողովում «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ֆինանսավորմանը վերաբերող մասերի քննարկմանը:
7. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
8. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
(8-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)