Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ազգային չափանմուշ (ազգային էտալոն)՝ չափանմուշ, որը չափագիտության լիազոր մարմինը ճանաչել է որպես հիմք և օգտագործում է պետության կամ տնտեսության մեջ տվյալ տեսակի մեծության այլ չափանմուշներին արժեք վերագրելու համար.

2) աշխատանքային չափանմուշ (աշխատանքային էտալոն)՝ չափանմուշ, որը կանոնավոր կերպով օգտագործվում է չափման միջոցների կամ չափիչ համակարգերի տրամաչափարկման կամ ստուգաչափման համար, ինչպես նաև չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս).

3) չափանմուշ (էտալոն)՝ տվյալ մեծության սահմանման նյութականացում՝ մեծության հաստատված (որոշված) արժեքով և չափման անորոշությամբ, որն օգտագործվում է որպես ելակետ.

4) չափագիտական հետևելիության շղթա (հետևելիության շղթա)՝ չափանմուշների և տրամաչափարկումների հաջորդականության շղթա, որն օգտագործվում է չափման արդյունքը չափանմուշի հետ փոխկապակցելու համար.

4.1) չափագիտական հետևելիություն՝ չափման արդյունքի հատկություն, որի համաձայն արդյունքը կարող է հարաբերակցվել համեմատության հիմքի հետ՝ փաստաթղթավորված շարունակական անխախտ տրամաչափարկման շղթաների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներդրում ունի չափումների անորոշության մեջ.

5) (կետն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

6) չափագիտություն` գիտություն չափումների և դրանց կիրառման մասին.

7) չափագիտության լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.

8) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)

9) չափման միջոց` սարք, որն օգտագործվում է չափումներ կատարելու համար՝ առանձին կամ մեկ կամ մի քանի օժանդակ սարքերի հետ միասին.

9.1) սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց՝ չափման միջոց, որի չափագիտական բնութագրերը, թույլատրելի առավելագույն սխալանքները և ճշտությունը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը.

10) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.

11) չափման միջոցի ստուգաչափում՝ գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է կամ չի բավարարում սահմանված չափագիտական պահանջները, և դրանց արդյունքով տրամադրվում է չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ.

11.1) չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթուղթ՝ վկայական, QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունը, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկեր, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, նշան կամ նշանների համակցություն, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են, որ կատարվել է չափման միջոցի ստուգաչափում, և հաստատվել է դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին, կամ ծանուցագիր, ստուգաչափման դրոշմի արտատիպի մարման պատկեր, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են անհամապատասխանությունը սահմանված պահանջներին.

11.2) չափման միջոցի ստուգաչափման դրոշմի մարում՝ չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի չեղարկում չափման միջոցի օրենսդրական պահանջներին այլևս չհամապատասխանելու դեպքում.

12) չափման միջոցի փորձաքննություն՝ դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների կամ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով իրականացվող չափման միջոցի ստուգաչափում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների չափագիտական բնութագրերի որոշում.

13) չափում՝ փորձարարական գործընթացով մեկ կամ մի քանի մեծությունների արժեքների ստացում, որոնք կարելի է վերագրել մեծությանը.

14) չափումների միասնականություն` չափումների այնպիսի վիճակ, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների ընդունված միավորներով, իսկ չափումների առավելագույն թույլատրելի սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.

15) ստանդարտ նմուշ՝ հատկորոշված բնութագրերի նկատմամբ բավարար համասեռ ու կայուն նյութ, որը ճանաչվել է պիտանի չափումների կամ անվանական բնութագրերի ուսումնասիրության ժամանակ.

16) տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ փաստաթուղթ, որը հավաստում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատված լինելը.

16.1) տեսակի հաստատում՝ իրավական նշանակություն ունեցող որոշում՝ հիմնված տեսակի գնահատման ուսումնասիրության վրա, առ այն, որ չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված համապատասխան պահանջներին, և որի արդյունքով տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ.

16.2) տեսակի հաստատման ճանաչում՝ Չափագիտության ազգային մարմնի կայացրած որոշում՝ կամավոր կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածության հիման վրա, որով այլ երկրի Չափագիտության ազգային մարմնի կողմից հաստատված տեսակը ճանաչվում է որպես օրենսդրական պահանջներին համապատասխանող՝ նոր տեսակի հաստատման սերտիֆիկատի տրամադրմամբ.

17) օրենսդրական չափագիտություն` չափագիտության մաս, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներ չափումների, չափման միավորների, չափման միջոցների և չափման մեթոդների վերաբերյալ.

18) օրենսդրական չափագիտական հսկողություն` չափման միջոցների տեսակի հաստատում, չափման միջոցների նախնական և հետագա ստուգաչափում, փորձաքննություն.

18.1) չափագիտական վերահսկողություն՝ սույն օրենքով և ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցի շուկայահանման և շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների (մեթոդների) առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին)․

19) (կետն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

20) չափման մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մոդելի վրա հիմնված մեկ կամ մի քանի չափման սկզբունքների և տվյալ չափման մեթոդիկայի (մեթոդի) համաձայն չափման մանրամասն նկարագրություն, որը ներառում է չափման արդյունքն ստանալու համար յուրաքանչյուր հաշվարկ.

21) չափման ռեֆերենս մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մեթոդիկա (մեթոդ), որը նույն տեսակի մեծությունների չափման այլ մեթոդիկաներից (մեթոդներից) ստացված չափվող մեծության արժեքների չափման ճշտությունը գնահատելիս, տրամաչափարկելիս կամ ստանդարտ նմուշների բնութագրերը որոշելիս ընդունված է որպես ըստ նշանակության օգտագործման համար պիտանի չափման արդյունքներ տրամադրող.

22) չափման մեթոդիկայի (մեթոդի) վկայագրում՝ չափման մեթոդիկայի (մեթոդի) հետազոտություն և հավաստում, որ այն համապատասխանում է չափումների նկատմամբ սահմանված չափագիտական պահանջներին.

23) չափագիտական վկայագրում՝ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.

24) շուկայահանում՝ չափման միջոցը կամ չափածրարված արտադրանքն առաջին անգամ շուկայահանելը.

25) կապարակնքում՝ չափման միջոցը փոփոխությունից, վերակարգավորումից, մասերի հեռացնելուց, ծրագրային ապահովմանը միջամտելուց և այլ ցանկացած չարտոնված գործողություններից պաշտպանելու կամ չափման միջոցի շահագործումն արգելելու համար նախատեսված միջոց.

26) չափածրարված արտադրանք՝ առանց գնորդի ներկայության փաթեթավորված և շուկայահանված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք, և այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու.

27) չափագիտության խորհուրդ՝ Չափագիտության ազգային մարմնին աջակցող խորհրդատվական խորհուրդ.

28) միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ՝ մեծությունների միջազգային համակարգի միավորների վրա հիմնված, Կշռի և չափի գերագույն համաժողովի (ԿՉԳՀ/CGPM) ընդունած միավորների համակարգ, դրանց անվանումները և պայմանանշանները, ներառյալ նախածանցների շարքերը, անվանումները և պայմանանշանները՝ օգտագործման կանոնների հետ միասին:

2. Սույն օրենքով չսահմանված հասկացություններն ունեն Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության՝ «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» ՕԻՄԼ Հ 1 (OIML V 1) և «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական և ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» ՕԻՄԼ Բ2 (OIML V 2) բառարաններով սահմանված հասկացությունների իմաստը:

(2-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։