Հոդված 21. Տեսչական մարմինը և տեսչական մարմնի ծառայողը
Հոդված 21. Տեսչական մարմինը և տեսչական մարմնի ծառայողը
(վերնագիրը խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն, 13.11.25 ՀՕ-374-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.
1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ.
2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ․
3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ․
4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների (մեթոդների) նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է ստուգաչափված չափման միջոց (չափագիտական հետևելիությունն ապահովող), համապատասխան չափման միջոցի օգտագործման անհնարինության դեպքում տեսչական մարմինը կարող է դիմել Չափագիտության ազգային մարմին՝ վերջինիս չափման միջոցը ժամանակավորապես օգտագործելու համար՝ համապատասխան փորձագետի տրամադրմամբ փորձաքննություն անցկացնելու խնդրանքով:
3. Տեսչական մարմնի կարգադրագրի, չափման միջոցի շահագործումն արգելող կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:
4. Տեսչական մարմնի ծառայողը՝
1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.
2) ստուգման ընթացքում արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ ըստ անհրաժեշտության կապարակնքում է չափման միջոցը՝ կազմելով կապարակնքման ակտ և արգելելով վերջինիս շահագործումը.
3) ստուգում է տեսակը հաստատված, ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին, իսկ ստուգման ընթացքում, համապատասխան սարքերի բացակայությամբ պայմանավորված, գրավոր հրավիրում է նաև Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.
4) չափման միջոցների նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը և փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին ստուգելու նպատակով կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(21-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)