Հոդված 27. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները
Հոդված 27. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները
1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով (բացառությամբ 20-րդ հոդվածի 3-րդ մասի)`
1) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` 3 տարին չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգի, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի.
1.1) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 և ավելի տարի առաջ, և կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում.
2) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 25 տարի ժամկետով: Մինչև 25 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները.
3) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների և հանքային ջրերի արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 20 տարի ժամկետով: Մինչև 20 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները:
2. Ընդերքօգտագործման ժամկետներն ամրագրվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում:
(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)