Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-17-ից մինչև 2021-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 30. Զգուշացումը և ընդերքօգտագործման իրավունքի կասեցումը, դադարեցումը

գործել է մինչև 2021-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 30. Զգուշացումը և ընդերքօգտագործման իրավունքի կասեցումը, դադարեցումը

(վերնագիրը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն)

1. Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

2. Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝

1) չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

2) չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը.

3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում.

4) լիազոր մարմին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.

5) չի ներկայացրել սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7.1-ին կամ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կամ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով պահանջվող իրական սեփականատերերի մասին տեղեկություններ բովանդակող քաղվածք սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կամ 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կամ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետերով սահմանված ժամկետներում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչև սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով):

2.2. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում:

2.3. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:

3. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման կամ կասեցման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, կամ մինչև կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը վերացրել է նշված հիմքերը:

4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում:

5. Ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե`

1) լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը.

2) լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչև 90 օր) կամ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում՝ կասեցման (մինչև 120 օր) հիմքերը.

4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.

5) ընդերքօգտագործողը հայտնաբերել և լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացրել`

ա. ընդերքօգտագործման իրավունքում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին,

բ. հազվագյուտ և գիտամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների առկայության մասին,

գ. չնախատեսված էկոլոգիական ռիսկերի ի հայտ գալու մասին.

6) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կնքված ընդերքօգտագործման իրավունքի գրավով ապահովված նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում ընդերքօգտագործողին հանձնված դրամը ծախսվել է ոչ նպատակային, կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.

7) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ չեն դադարեցվել հանքավայրի շահագործման աշխատանքները.

8) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր, կամ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված իրավախախտման վերաբերյալ ստուգման ակտի բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրացել է, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծելու ընդերքօգտագործման պայմանագիրը:

7. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար:

(30-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-410-Ն, լրաց., խմբ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ., խմբ. 06.10.20 ՀՕ-455-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։