Հոդված 60.8. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման և փակումից հետո կիրառվող ընթացակարգերը
Հոդված 60.8. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման և փակումից հետո կիրառվող ընթացակարգերը
1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ընթացակարգը մեկնարկվում է, եթե՝
1) իրականացված են օբյեկտի կառավարման պլանում նշված` օբյեկտի փակմանը նախորդող բոլոր միջոցառումները.
2) ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման մասին ծանուցել է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին:
2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո տեղում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցկացնում է ստուգումներ, գնահատում է տնտեսավարողի ներկայացրած բոլոր հաշվետվությունները, հաստատում է թափոնների օբյեկտի գործունեության արդյունքում վնասված հողատարածքի, բուսական, կենդանական աշխարհի վերականգնման փաստը և ընդունում է օբյեկտի փակման մասին որոշում: Սույն կետում նշված որոշման մասին ընդերքօգտագործողը տեղեկացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Ընդերքօգտագործողը պատասխանատու է փակմանը հաջորդող փուլում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար՝ հաշվի առնելով վնասի բնույթը և տևողությունը, բացառությամբ, երբ թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել՝ հանձն առնել այդ խնդիրները ընդերքօգտագործողի փոխարեն լուծելու պատասխանատվությունը:
4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո օրենսդրությամբ սահմանված բնապահպանական պահանջները բավարարելու համար ընդերքօգտագործողը պետք է վերահսկի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ֆիզիկական ու քիմիական կայունությունը և նվազեցնի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա՝ ապահովելով, որ՝
1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտին հարող բոլոր շինությունները դիտանցվեն ու պահպանվեն շահագործման համար միշտ պատրաստ հսկիչ և չափման սարքերի հետ.
2) անհրաժեշտության դեպքում հեղեղատարների հուները և ջրաթող օբյեկտները լինեն մաքուր և ազատ։
(60.8-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն)