Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը
Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
2. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-127-Ն)
3. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:
4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի`
1) այն օգտակար հանածոների և (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքօգտագործողին.
2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի և, լեռնահատկացման կոորդինատները.
3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.
4) օգտակար հանածոների պաշարների վերագնահատման կամ արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, ֆինանսական ներդրումների, օգտակար հանածոների արդյունահանման համալիրի ստեղծման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար լրահետախուզման աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.
5) բնապահպանական կառավարման պլանը.
6) հանքավայրի հաստատված և պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների մասին տեղեկություններ.
7) սույն օրենսգրքով և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխատանքների վերահսկման կարգը.
8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարների հաշվարկման և վճարումների վերաբերյալ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման հատկացումների վճարումների ժամանակացույցի վերաբերյալ.
9) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.
10) հանքի փակման հետ կապված դրույթները.
11) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները.
12) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների վերանայման արդյունքում փոփոխված պլանները, ինչպես նաև դրանց իրականացման փոփոխված ֆինանսական երաշխիքը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելու դրույթները:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
6. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:
(54-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.11.19 ՀՕ-256-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-112-Ն, խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)