Հոդված 43. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը
Հոդված 43. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին` երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար` կից ներկայացնելով երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
2. Ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների առնվազն կեսը կատարելուց հետո, որի անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրության հիման վրա ստացված տեղեկատվությամբ: Ընդերքի տեղամասն ընդհանուր առմամբ կարող է ընդլայնվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:
4. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե ընդլայնման վերաբերյալ դիմում է ներկայացվել ընդերքի այնպիսի տեղամասի համար, որը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:
4.1. Լիազոր մարմինը մերժում է ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները։
5. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
6. (մասն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-397-Ն)
7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(43-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-24-Ն, 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-397-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)