Հոդված 61. Ընդերքօգտագործման վճարների տեսակները
Հոդված 61. Ընդերքօգտագործման վճարների տեսակները
1. Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Ընդերքն օգտագործելիս կատարվում են հետևյալ վճարները`
1) բնապահպանական հարկ` բնապահպանական միջոցառումների իրականացման համար.
2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար.
3) մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար.
4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում՝ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի.
5) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-302-Ն)
6) ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքում և կարգով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Մեկից ավելի արդյունահանման նպատակ ունեցող հանքային ջրի արդյունահանման թույլտվության դեպքում թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակների դրույքաչափերի հանրագումարով։
7. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:
8. Դիմումատուն սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:
10. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:
(61-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-302-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն)
(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)