Հոդված 21. Օդի պահպանությունը
Հոդված 21. Օդի պահպանությունը
Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարևոր հիմնական տարրերից մեկն է:
Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի խտությունների և մթնոլորտի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մակարդակների չափորոշիչներ: Այդ չափորոշիչները պետք է համապատասխանեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պահպանության շահերին:
Նոր և վերակառուցված ձեռնարկությունների, կառուցվածքների և մյուս օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման ու օգտագործման, գոյություն ունեցող տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վնասակար ներգործությունների չափորոշիչների պահպանումը:
Արգելվում է մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող նոր ու վերակառուցված ձեռնարկությունների, կառուցվածքների և մյուս օբյեկտների շահագործման հանձնումը:
Մթնոլորտային օդի պահպանությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով: