Հոդված 25. Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի ու կենդանիների պահպանությունը
Հոդված 25. Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի ու կենդանիների պահպանությունը
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի ու կենդանիների պահպանության համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքը` հաստատված Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ:
Արգելվում է ամեն մի գործունեություն, որը հանգեցնում է Կարմիր գրքում մտցված բույսերի ու կենդանիների թվաքանակի կրճատմանը, դրանց տարածման վայրերի վատթարացմանը: Այդ բույսերը և կենդանիները գիտական նպատակներով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից:
Ձեռնարկությունները, կազմակերպությունները և մյուս հողօգտագործողները, որոնց տարածքում կան Կարմիր գրքի մեջ մտցված բույսեր ու կենդանիներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պաշտպանության և վերարտադրության համար:
Կարմիր գրքի մեջ մտցված բույսերի և կենդանիների ոչնչացման համար մեղավոր անձինք ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության:
Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կանոնադրությամբ:
(25-րդ հոդվածը խմբ., փոփ. 02.04.96 ՀՕ-48)