Հոդված 9.1. Արհեստակցական միության պետական գրանցումը
Հոդված 9.1. Արհեստակցական միության պետական գրանցումը
Արհեստակցական միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են սույն օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:
Արհեստակցական միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին են ներկայացվում`
ա) արհեստակցական միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը.
բ) քաղվածք արհեստակցական միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսի, ամսաթվի, հիմնադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաև նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից արհեստակցական միություն հիմնադրելու, արհեստակցական միության կանոնադրությունը հաստատելու, արհեստակցական միության ղեկավար և վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու և արհեստակցական միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.
գ) լիազորված անձի և արհեստակցական միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Արհեստակցական կազմակերպությունների միության գրանցման համար ներկայացվում են նաև հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավասու մարմնի որոշումը` միություն ստեղծելու և միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատվիրակներ) ընտրելու մասին.
դ) արհեստակցական միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված և ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից.
ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության գրանցումը: Արհեստակցական միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:
(9.1-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)