Հոդված 67. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատվությունը
Հոդված 67. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատվությունը
1. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատու է հրամանատարը, որը պետք է մշտապես պահպանի ծառայողական բարձր կարգապահությունը, նույնը պահանջի ենթականերից, խրախուսի արժանիներին, խստությամբ, բայց արդարացիորեն պատժի կարգազանցներին:
2. Ստորաբաժանումներում բարձր կարգապահության պահպանման նպատակով հրամանատարը պարտավոր է`
1) ուսումնասիրել ենթակաների անձնական հատկանիշները, աջակցել փրկարարական ծառայողների միջև հարաբերությունների սահմանված կանոնների պահպանմանը, համախմբել կոլեկտիվը.
2) իմանալ կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից կարգապահության ամրապնդմանը նպաստող պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական ըմբռնմանը.
3) ղեկավարել ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունը` ուղղված կարգապահության ամրապնդմանն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը.
4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների խախտումները և վճռականորեն կանխել ստորաբաժանման պատրաստականությանը վնասող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու աշխատանք տանել պատահարների և զանցանքների կանխման ուղղությամբ:
3. Կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը գնահատվում է ոչ թե կարգապահական տույժեր տալու քանակով, այլ օրենքների, կանոնադրությունների ճշգրիտ պահպանմամբ, իր կարգապահական իրավունքների լիակատար օգտագործմամբ, կարգ ու կանոն հաստատելու նպատակով իր պարտականության կատարմամբ ու կարգապահության խախտումները ժամանակին կանխելով:
4. Կանոնադրական կարգը և կարգապահության պահանջները պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ չապահովող, դրանք վերականգնելու նպատակով միջոցներ չձեռնարկող հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:
5. Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում ենթակաների կատարած այն հանցագործությունների, պատահարների ու զանցանքների համար, որոնք հրամանատարի (պետի) գործունեության կամ դրանք կանխելու միջոցներ չձեռնարկելու անմիջական հետևանք չեն:
(հոդվածը 02.10.25 ՀՕ-320-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը)
(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)