Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11. Հաշտարարության գործընթացի ավարտը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 11. Հաշտարարության գործընթացի ավարտը

1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է, եթե՝

1) կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն.

2) հաշտարարը հայտարարում է այնպիսի հանգամանքների առկայության մասին, որոնք բացառում են վեճը հաշտարարության միջոցով լուծելու հնարավորությունը.

3) կողմերի միջև առկա է համաձայնություն առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման վերաբերյալ.

4) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման ցանկության մասին.

5) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին.

6) կողմը հաշտարարին թեև գրավոր չի հայտնում հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին, սակայն առանց հարգելի պատճառի հրաժարվում է մասնակցել հաշտարարության առաջին հանդիպմանը.

7) հաշտարարության իրականացման ընթացքում ի հայտ է եկել սույն օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանք կամ փոխկապակցվածության հիմք, և սույն օրենքով սահմանված կարգով հաշտարարը և կողմերը չեն որոշել անտեսել այդ հիմքը.

8) հաշտարարը հայտարարում է երեխայի լավագույն շահի պաշտպանության նպատակով հաշտարարության ավարտման անհրաժեշտության մասին:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ և 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում կողմերի և հաշտարարի միջև ստորագրվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, որը ոչ ուշ, քան հաջորդ օրը տրամադրվում է կողմերին: Եթե կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա հաշտարարն այդ մասին նշում է կատարում արձանագրությունում։ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունն ստորագրվում է հաշտարարի և ներկայացած կողմի միջև, հաշտարարը նշում է կատարում արձանագրությունում մյուս կողմի չստորագրելու մասին։

1.2. Եթե հաշտարարությունն սկսվել է դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու հիմքով, ապա հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է նաև դատարան:

2. Հաշտարարությունն սկսելու վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում մյուս կողմից համաձայնություն չստանալու դեպքում հաշտարարությունն սկսելու վերաբերյալ առաջարկը համարվում է մերժված, իսկ հաշտարարությունը՝ ավարտված:

3. Հաշտարարության գործընթացն ավարտվում է ֆիզիկական անձ կողմերից մեկի մահվամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելով կամ իրավաբանական անձ կողմի լուծարմամբ:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։