Հոդված 12.1. Առցանց հաշտարարությունը
Հոդված 12.1. Առցանց հաշտարարությունը
1. Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, ինչպես նաև, եթե պարտադիր հաշտարարության դեպքում կողմերից միայն մեկն է մասնակցում հաշտարարությանը, ապա այդ կողմի համաձայնությամբ հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ:
2. Առցանց հաշտարարության նկատմամբ կիրառելի են սույն օրենքով նախատեսված կանոններն այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով կամ չի բխում առցանց հաշտարարության էությունից:
3. Առցանց հաշտարարության իրականացման դեպքում հաշտարարության գործընթացն ավարտված համարելու մասին արձանագրությունը կողմի ցանկությամբ հաշտարարի կողմից կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով` ուղարկելով հաշտարարության գործընթացն ավարտված համարելու մասին էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված արձանագրությունը։ Սույն մասով նախատեսված դեպքում կողմերի ստորագրությունը հաշտարարության գործընթացն ավարտված համարելու մասին արձանագրությունում անհրաժեշտ չէ։
4. Ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացվելու դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել էլեկտրոնային եղանակով։
5. Ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացվելու դեպքում հաշտության համաձայնություն կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով:
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում հաշտության համաձայնությունը համարվում է կնքված այդ համաձայնությամբ նշված օրը:
(12.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն, 22.10.25 ՀՕ-360-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)