Հոդված 15. Արտոնագրված հաշտարարի որակավորումը դադարեցնելը
Հոդված 15. Արտոնագրված հաշտարարի որակավորումը դադարեցնելը
(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
1. Արդարադատության նախարարը դադարեցնում է արտոնագրված հաշտարարի որակավորումը, եթե`
1) հաշտարարը դիմել է այդ մասին.
2) հաշտարարը մահացել է, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.
3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.
4) հաշտարարի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ.
5) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշտարարի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացել.
6) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով հաշտարարի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, հաշտարարին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել.
7) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հաշտարարի գործունեությունը կասեցվելուց հետո` երեք տարվա ընթացքում, սնանկության վարույթը չի ավարտվել.
8) սույն օրենքի 23.6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի կողմից հաշտարարի որակավորման դադարեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել.
9) հաշտարարը հաշտարարական գործունեության որակավորման վկայագիր ստանալու, ներառյալ որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ:
2. Հաշտարարի որակավորումը դադարեցնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրան տրամադրված որակավորման վկայագիրը:
3. Հաշտարարի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է համապատասխան հաշտարարին, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար, և հրապարակվում է արդարադատության նախարարի սահմանած կայքում:
4. Հաշտարարի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում։
(15-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-191-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)