Հոդված 2. Հաշտարարությունը
Հոդված 2. Հաշտարարությունը
1. Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
2. Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:
2.1. Ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած բնակության վայրը փոփոխելու, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելու, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու կամ դրանց փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Սույն մասով սահմանված դրույթի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 3-րդ մասով, 57-րդ և 58-րդ, 60-րդ հոդվածներով, 61-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ և 63-րդ, 66-րդ հոդվածներով սահմանված գործերի վրա։
2.2․ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի իմաստով՝ հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից բխող և ապահովագրական հատուցման նվազեցմամբ կամ մերժմամբ պայմանավորված մասնավոր վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարությունը պարտադիր է։
3. Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը մեկ կամ մի քանի (համահաշտարարություն) արտոնագրված հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով:
3.1. Հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
4. Կողմերի միջև հաշտարարության վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում վեճը կարող է հանձնվել դատարանի քննությանը հաշտարարությունն ավարտելուց հետո:
5. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված գործերով նախքան դատարան դիմելը կողմերը կարող են չդիմել պարտադիր հաշտարարության այն դեպքում, երբ`
1) կողմերից որևէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.
2) կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.
3) կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:
(2-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն, 22.10.25 ՀՕ-360-Ն, 17.12.25 ՀՕ-479-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)