Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21.3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21.3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը

1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամների քանակը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, որը չի կարող լինել ինն անդամից ավելի։

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով` չորս տարի պաշտոնավարման ժամկետով:

4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամներն իրենց կազմից՝ ձայների մեծամասնությամբ:

5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը՝

1) մշակում և ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները.

2) մշակում և hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում հաշտարարի վարքագծի կանոնները կամ դրանցում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.

3) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.

4) հաստատում է hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության տարեկան բյուջեն` hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ներկայացմամբ.

5) լուծում է հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժ նշանակելու հարցը.

6) սույն օրենքի 23.6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում միջնորդում է արդարադատության նախարարին հաշտարարի որակավորումը դադարեցնելու վերաբերյալ.

7) սահմանում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը.

8) սահմանում է հաշտարարական ծառայությունների միջին ուղենիշային գնացուցակը.

9) իրականացնում է սույն օրենքով և hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան երեք անգամից ոչ պակաս: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:

7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն կեսը:

8. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կարող է մասնակցել խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով։

(21.3-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։