Հոդված 23.2. Հաշտարարի իրավունքները կարգապահական վարույթում
Հոդված 23.2. Հաշտարարի իրավունքները կարգապահական վարույթում
1. Հաշտարարը կարգապահական վարույթի ընթացքում իրավունք ունի՝
1) մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.
2) կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և գործից դուրս գրելու ցանկացած ծավալի որևէ տեղեկություն.
3) տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու և հետազոտելու համար.
5) հայտնելու բացարկներ խորհրդի անդամներին և գործը նախապատրաստող անձանց.
6) հարուցելու միջնորդություններ.
7) հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ խորհրդի հրավիրած վկաներին.
8) հարցեր տալու ելույթ ունեցողին.
9) հանդես գալու եզրափակիչ ելույթով.
10) ստանալու հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի և խորհրդի որոշումները.
11) դատական կարգով բողոքարկելու հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի որոշումները: