Հոդված 11.2. Հաշտարարության վերաբերյալ կողմերի ծանուցումը
Հոդված 11.2. Հաշտարարության վերաբերյալ կողմերի ծանուցումը
1. Հաշտարարը պարտավոր է հաշտարարության ժամանակի և վայրի մասին կողմերին ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ։
2. Կողմերի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից արտոնագրված հաշտարար նշանակվելու դեպքում արդարադատության նախարարությունը հաշտարարին փոխանցում է նաև դիմումում նշված` կողմերին պատշաճ ծանուցման համար անհրաժեշտ տվյալները։
3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարարի ընտրության դեպքում կողմերը հաշտարարին հայտնում են նաև իրենց պատշաճ ծանուցման համար անհրաժեշտ տվյալները։
4. Հաշտարարության ժամանակի և վայրի մասին ծանուցումը կողմերին ուղարկվում է պատվիրված նամակով կամ հանձնվում առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
5. Կողմերը կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են պատվիրված նամակով կամ հանձնվում են առձեռն:
7. Ծանուցումը կողմին պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հաշտարարը գործին կցում է հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
8. Ծանուցումը կողմին առձեռն հանձնելու դեպքում հաշտարարը գործին կցում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
9. Ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում հաշտարարը գործին կցում է ծանուցումն ուղարկելու մասին հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):
10. Կողմերը պարտավոր են հաշտարարին անհապաղ հայտնել հաշտարարության ընթացքում իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան ծանուցումն ուղարկվում է այն հասցեով, որով կատարվել է ծանուցումը և կողմի վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:
11. Եթե ծանուցումը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հաշտարարը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, կողմը համարվում է պատշաճ ծանուցված:
(11.2-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն, 22.10.25 ՀՕ-360-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)