Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 12. Հաշտարարության իրականացման հետ կապված ծախսերը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հաշտարարության իրականացման հետ կապված ծախսերը

1. Հաշտարարության հետ կապված ծախսերը ներառում են՝

1) հաշտարարի վարձատրության գումարը.

2) կողմերի համաձայնությամբ հաշտարարության իրականացման հետ կապված այլ ծախսեր:

2. Հաշտարարի կողմից հաշտարարության հետ կապված գործունեությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հաշտարարի վարձատրության չափը որոշվում է կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում հաշտարարի վարձատրության չափը որոշվում է հաստատության կանոններով սահմանված կարգով:

3.1. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կրում է հաշտարարությունը նախաձեռնած կողմը` կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում։ Հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կողմերը կրում են հավասարաչափ, եթե հաշտարարությունն իրականացվել է երկու կողմի նախաձեռնությամբ։

4. Հաշտարարի կողմից հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

5. Եթե հաշտարարը հրաժարվում է հաշտարարությունն իրականացնելուց, ապա նա պարտավոր է կողմերին վերադարձնել իրեն վճարված վարձատրության գումարը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի և հաշտարարի միջև գրավոր համաձայնությամբ:

6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է հաշտարարի վարձատրության գումարի միջին ուղենիշային գնացուցակ:

7. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը կարող է գերազանցել Կառավարության որոշմամբ սահմանված՝ հաշտարարի վարձատրության դրույքաչափերը:

8. Դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

9. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարությունն անվճարունակ ֆիզիկական անձանց համար անվճար է: Սույն մասի իմաստով՝ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ և, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց: Սույն մասով նախատեսված անվճարունակության հաստատման համար անձը հաշտարարին ներկայացնում է գրավոր հայտարարագիր անվճարունակության պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Հայտարարագրի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալները և կարգը հաստատում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը: Հայտարարագրում ներկայացված տվյալների հավաստիությունն ստուգելու նպատակով արտոնագրված հաշտարարն իրավունք ունի անձից պահանջելու համապատասխան ապացույցներ:

10. Երկու կողմի նախաձեռնությամբ հաշտարարության իրականացման դեպքում, եթե կողմերից մեկը սույն հոդվածի 9-րդ մասի իմաստով անվճարունակ ֆիզիկական անձ է, ապա հաշտարարության մյուս կողմը չի ազատվում մինչև երկու ժամ իրականացվող հաշտարարության դիմաց հաշտարարին համամասնորեն վճարելու պարտականությունից։

11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում հաշտարարությունը շարունակելու կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը հաշտարարության իրականացման շարունակվող ժամանակահատվածի համար որոշվում է կողմերի և հաշտարարի փոխադարձ համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սահմանվող հաշտարարի վարձատրության գումարի միջին ուղենիշային գնացուցակը, իսկ դրա սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխանաբար սույն հոդվածի 7-րդ կամ 8-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմամբ սահմանված վարձատրության չափը:

12. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, և հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, և հայցվորը օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա հայցը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում հայցվորին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից` Կառավարության սահմանած չափով և կարգով՝ մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար։

(12-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն, փոփ., լրաց. 22.10.25 ՀՕ-360-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։