Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21.4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 21.4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը

1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը ընդհանուր ժողովի կողմից ընտրվում է արտոնագրված և գործունեությունը չկասեցված հաշտարարների թվից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:

3. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:

4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը՝

1) ներկայացնում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը՝ առանց լիազորագրի.

2) ընդունում է որոշումներ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.

3) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները։ Եթե ձեռք բերվող կամ օտարվող գույքի, իսկ ձեռք բերվող ծառայության կամ աշխատանքի մատուցման դեպքում մեկ ամսվա դիմաց վճարման ենթակա արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա նախքան այդպիսի գործարքի կնքումը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը պետք է ստանա խորհրդի համաձայնությունը: Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարք կնքելու կարգը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ.

4) հաշտարարի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

5) իրականացնում է օրենքով և հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:

5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալ` խորհրդի անդամ չհանդիսացող հաշտարարների կազմից: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի տեղակալը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ:

6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարում են՝

1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.

2) հրաժարական ներկայացնելու դեպքում.

3) որակավորման դադարեցման կամ գործունեության կասեցման դեպքում:

7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցվում են իր պաշտոնեական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահն իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու խորհրդի տվյալ նիստին, ներկայացնելու ապացույցներ և բացատրություններ:

9. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է խորհրդի առնվազն երեք անդամի կողմից:

10. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում վերջինիս պարտականությունները հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է նրա տեղակալը մինչև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նոր նախագահի ընտրությունը։

11. Սույն հոդվածի 5-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում տեղակալի բացակայության կամ լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի պարտականությունները կատարում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամ չհանդիսացող տարիքով ավագ հաշտարարը։

(21.4-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն, 22.10.25 ՀՕ-360-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։