Հոդված 111. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը
Հոդված 111. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը
(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն)
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են որդեգրման կամ խնամակալության (հոգաբարձության) միջոցով կամ խնամատար ընտանիքում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում:
Երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները։
1.1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հետ կապված բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն Երեխայի լավագույն շահերի ապահովման և նրա կարիքների բազմամասնագիտական գնահատման վրա և համապատասխանեն հետևյալ հիմնական նպատակներին.
1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանեկան միջավայրում, իսկ անհնարինության դեպքում` դրան առավել մոտ միջավայրում.
2) ապահովել երեխայի կրթությունը, խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ներառյալ` սոցիալական ու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները` հաշվի առնելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումները:
1.2. Խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատարության միջոցով, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում պետք է ապահովված լինեն երեխայի ու նրա ծնողի և մերձավոր ազգականների շփումն ու կապը, բացառությամբ այն դեպքի, երբ այդ շփումը, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:
2. Մինչև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում խնամքը և դաստիարակությունը կազմակերպելը երեխաների խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։ 2.1. Երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում խնամակալության և հոգաբարձության մարմինը շարունակում է համագործակցել նրա ծնողի հետ` հնարավորության դեպքում երեխային ծնողներին վերադարձնելու համար: 3. (մասն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-144-Ն)
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(111-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)