Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին
Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ:
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը:
3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:
Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:
4. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
բ) պատրաստի արտադրանք,
գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա) շարժական գույք,
բ) անշարժ գույք:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:
Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:
5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:
6. Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի), ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում:
7. Պարտապանին պատկանող ոչ փաստաթղթային ձևով թողարկված Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի վրա արգելանք դնելու, դրանք առգրավելու և հարկադիր իրացնելու համար հարկադիր կատարողի կողմից պահառուին (ենթապահառուին) ներկայացվող դեպո-հանձնարարականների ձևին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
(43-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-78-Ն, 18.05.10 ՀՕ-68-Ն, 22.12.10 ՀՕ-254-Ն, 17.12.14 ՀՕ-265-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն)