Հոդված 37. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը
Հոդված 37. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը
Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե`
1) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
2) պարտապանը ճանաչվել է անգործունակ և չունի օրինական ներկայացուցիչ.
3) պարտապանը զինված ուժերի և այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.
4) դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) դատարանը վարույթ է ընդունել սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հայցադիմում այն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ, որի վրա բռնագանձում է տարածվել հարուցված կատարողական վարույթով.
6) դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին.
7) առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը.
8) եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը.
9) վարչական դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ հայց.
10) մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.
11) պարտապանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:
Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված՝ գույքն արգելանքից հանելու մասին հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:
Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում:
(37-րդ հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-259, փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-14-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, 23.06.11 ՀՕ-236-Ն, 05.12.13 ՀՕ-142-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն, լրաց., խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ. 18.09.20 ՀՕ-446-Ն, 26.05.21 ՀՕ-223-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն)
(18.09.20 ՀՕ-446-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)