Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը
Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝
1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները.
2) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը և պահպանությունը.
3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները և նորմերը.
4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի.
5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը և վերահսկում է դրանց կիրառումը.
6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը և հաստատում է կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշները.
7) հաստատում է մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները.
8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը և դրանց իրականացումը.
9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը.
10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները.
11) հաստատում է ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվները.
12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը.
13) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման գործընթացը.
14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները և մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար.
16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը և հասարակայնության ծանուցումը.
17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար.
18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը.
19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների և սահմանափակումների կատարման նկատմամբ.
20) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք.
21) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն)
22) մշակում և հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:
23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմելը և սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացնելը, որը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է:
Ամփոփագրի ձևը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը.
24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք.
25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները։
Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված և ապակենտրոնացված կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանային կառավարման մարմիններ:
(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ. 17.11.17 ՀՕ-208-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-187-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)