Հոդված 91. Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը
Հոդված 91. Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը
Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետևանքով առաջացած վնասը ժամանակին հնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետների դեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ:
Հեղեղումների, սելավների, սողանքների և երաշտի մասին տեղեկատվական համակարգի գործունեությունն ընդգրկում է ընթացիկ տեղեկատվություն և կանխատեսումներ՝
1) տեղի ունեցած կամ հնարավոր հեղեղումների, սելավների և սողանքների,
2) տեղի ունեցած կամ սպասվող երաշտի,
3) բնական ջրային ռեսուրսների վիճակի և կայունության,
4) կարևոր ջրային համակարգերի (այդ թվում՝ ջրամբարների պատվարների, գետերի ափապաշտպան ամբարտակների) վիճակի և կայունության,
5) բնակչության առողջությանն սպառնացող վտանգների մասին:
Վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար պետական ջրային կադաստրում հաշվառվում են վարարումների, սելավների և սողանքների ռիսկի տարածքները:
Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են անձանց գործունեության այն տեսակները, որոնք պետք է արգելվեն կամ սահմանափակվեն որոշակի տարածքների վրա, որպեսզի կանխվեն կամ նվազագույնի հասցվեն նշված աղետների հետևանքով առաջացող վնասները: Այդ տարածքներում շինարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:
Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և ազգաբնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը սահմանվում են ջրի ազգային ծրագրով, որտեղ պետք է ներառվեն՝
1) համալիր միջոցառումներ՝ վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար.
2) վարարումների, սելավների և սողանքների դեպքում՝ պետական մարմինների պատասխանատվությունը և անհրաժեշտ միջոցառումների ցանկը.
3) համալիր միջոցառումներ և դրանց իրականացման մեխանիզմները՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարահանումը (էվակուացիա) կազմակերպելու և մարդկանց բնակատեղով ու սննդով ապահովելու համար: