Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-30-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-04-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 17 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 121. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2007-04-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 121. Անցումային դրույթներ

1. Մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենսգրքին:

Մինչև ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը սույն օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:

Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, նախարարությունների և պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն օրենքներով, գործում են մինչև համապատասխան օրենքը գործողության մեջ դնելը:

Սույն օրենսգիրքը կիրառվում է ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը պայմանագրային և ջրային հարաբերություններում ծագած իրավունքի նորմեր պարունակող իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք առաջացել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին սույն օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի կողմից կքննվեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:

Սույն օրենսգրքի 14-րդ, 38-47-րդ, 79-րդ և 118-րդ հոդվածներով սահմանված իրավասություններն ու պարտականությունները վերապահել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին:

2. Գործող ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը:

Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահը տրված ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերը ենթակա են համապատասխանեցման սույն օրենսգրքի պահանջներին:

Մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը ջրօգտագործման թույլտվություններով, պայմանագրերով կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերով ամրագրված՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձինք դիմում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություններ ստանալու համար:

Գործող ջրօգտագործման թույլտվությունը նորացման դեպքում ներկայացվում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:

3. Ջրային համակարգերի օգտագործման գործող թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը:

Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում անձինք, որոնք ունեն գործող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգն օգտագործելու իրավունքներ, պարտավոր են ստանալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով սահմանված ժամկետում գործող ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն չստանալու դեպքում ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ոչ մրցակցային ջրամատակարարման իրավունքի փաստաթղթերը համարվում են չեղյալ:

4. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մշակում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում`

- ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքի նախագիծը` մեկ ամսվա ընթացքում.

- ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի նախագիծը` քսանհինգ ամսվա ընթացքում.

(պարբերությունն ուժը կորցրել է 31.03.03 ՀՕ-527-Ն)

- ջրի ազգային ծրագրի մասին օրենքի նախագիծը` երեք տարվա ընթացքում.

- խմելու ջրի մասին օրենքի նախագիծը` չորս տարվա ընթացքում.

- (տողը հանվել է 20.05.05 ՀՕ-116-Ն)

- գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում:

5. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո՝

1) հաստատում է հակահրդեհային նպատակների համար ջուր վերցնելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

2) հաստատում է ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը՝ երեք տարվա ընթացքում.

3) հաստատում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում.

4) Ջրային համակարգերի կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ներկայացմամբ հաստատում է ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման (բացառությամբ առևտրային կազմակերպության ստեղծման) ձևերի մասին կարգերը՝ երեք ամսվա ընթացքում.

5) հաստատում է ջրատնտեսական հաշվեկշռի կազմման, ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգերը՝ մեկ տարվա ընթացքում.

6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ներկայացմամբ հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը՝ մեկ տարվա ընթացքում.

7) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշները՝ երկու տարվա ընթացքում.

8) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների դասակարգումը՝ վեց ամսվա ընթացքում.

9) սահմանում է ՀՏԿ-ների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.

10) սահմանում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, մշակման և դրա փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.

11) սահմանում է ջրային համակարգերի շինարարության և դրանց վերակառուցման նախագծերի փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում.

12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները 30 ամսվա ընթացքում.

13) ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո`

- հաստատում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում հողերի օգտագործման տրամադրման և հողերի օգտագործման կարգը՝ երեք ամսվա ընթացքում,

- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում շինարարական, հորատման, հատակի խորացման և պայթեցման, խողովակաշարերի և այլ հաղորդակցության ցանցերի անցկացման, լարանցումների աշխատանքների, ինչպես նաև կենսառեսուրսների և նյութերի արդյունահանման կատարման կարգը՝ վեց ամսվա ընթացքում,

- հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում անտառների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

14) հաստատում է էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

15) սահմանում է հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

16) սահմանում է միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության կարգը՝ երեք տարվա ընթացքում.

17) հաստատում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

18) հաստատում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

19) (կետն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-130-Ն)

20) (կետն ուժը կորցրել է 08.12.04 ՀՕ-169-Ն)

21) հաստատում է կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման կարգը ջրերի ստանդարտների հաստատումից հետո` վեց ամսվա ընթացքում.

22) սահմանում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները) և դրա (դրանց) գործառույթները՝ վեց ամսվա ընթացքում.

23) սահմանում է ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակը, կազմը և դրանց օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները՝ մեկ տարվա ընթացքում.

24) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հիդրոտուրբինների փորձաքննություն կատարելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

25) սահմանում է հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

26) հաստատում է բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

27) հաստատում է զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

28) սահմանում է ՀՏԿ-ների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը՝ երկու տարվա ընթացքում.

29) հաստատում է ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

30) հաստատում է ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

31) հաստատում է արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

32) հաստատում է ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

33) հաստատում է որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

34) (կետն ուժը կորցրել է 08.12.04 ՀՕ-169-Ն)

35) հաստատում է ջրային ռեսուրսների կամ ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

36) (կետն ուժը կորցրել է 08.12.04 ՀՕ-169-Ն)

37) սահմանում է ավազանային կառավարման տարածքները և հաստատում դրանց կառավարման պլանները՝ քսանինն ամսվա ընթացքում.

38) հաստատում է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

39) սահմանում է ջրամատակարարներին և ջրօգտագործողներին ֆինանսական օգնության տրամադրման կարգը՝ երկու տարվա ընթացքում.

40) հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության նորմերի խախտումների ցանկը՝ վեց ամսվա ընթացքում.

41) հաստատում է ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը (կարգերը)՝ 6 ամսվա ընթացքում.

42) հաստատում է ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

43) հաստատում է Կանոնակարգող խորհրդի կազմը, դրա գործունեության կարգը՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող օրենքի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում.

44) սահմանում է ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը և օրինակելի ձևերը՝ վեց ամսվա ընթացքում.

45) հաստատում է ջրի վիճակի վրա ազդող աշխատանքների իրականացման կարգը ջրաէկոհամակարգի պահպանման գոտիներում՝ երկու տարվա ընթացքում.

46) սահմանում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

47) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

48) հաստատում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

49) հաստատում է ազատ ջրօգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում.

50) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները և բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը՝ երեք տարվա ընթացքում.

51) հաստատում է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

52) հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը՝ վեց ամսվա ընթացքում.

53) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

54) (կետն ուժը կորցրել է 18.11.03 ՀՕ-37-Ն)

6. Կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը՝ սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`

1) հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը՝ վեց ամսվա ընթացքում.

2) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևը՝ ինն ամսվա ընթացքում.

3) սահմանում է այն ջրհավաք ավազանները և գերխոնավ տարածքները, որոնք վճռական դեր ունեն ջրերի որակի և քանակի պահպանության համար՝ մեկ տարվա ընթացքում.

4) հաստատում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

5) սահմանում է ջրահեռացման համակարգերի օգտագործման և ջրերի մաքրման կանոնները՝ մեկ տարվա ընթացքում.

6) սահմանում է պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները՝ երկու տարվա ընթացքում.

7) սահմանում է ջրամբարների ընթացիկ վիճակի, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում.

8) հաստատում է ջրերի ստանդարտները՝ երեք տարվա ընթացքում.

9) հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը` ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից մեկ տարի հետո:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո`

1) հաստատում է Ջրի ազգային խորհրդի կազմը և կանոնակարգը՝ երեք ամսվա ընթացքում.

2) հաստատում է ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ավազանային կառավարման անցման ժամանակացույցը՝ երեք ամսվա ընթացքում.

3) հաստատում է վեճերը լուծող հանձնաժողովի կազմը և կանոնակարգը՝ երեք ամսվա ընթացքում.

4) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը՝ երեք ամսվա ընթացքում:

(121-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.03.03 ՀՕ-527-Ն, փոփ., լրաց. 04.11.03 ՀՕ-24-Ն, փոփ. 18.11.03 ՀՕ-37-Ն, 25.12.03 ՀՕ-19-Ն, 22.11.04 ՀՕ-163-Ն, 08.12.04 ՀՕ-168-Ն, խմբ., փոփ. 08.12.04 ՀՕ-169-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-116-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-130-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2002 թ. հուլիսի 1

Երևան

ՀՕ-373-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։