Հոդված 19. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը և տեղեկատվական համակարգերը
Հոդված 19. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը և տեղեկատվական համակարգերը
Ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինը պատասխանատու է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման համար՝ օրենքով սահմանված կարգով:
Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգերի միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Ջրային կադաստր ներառելու համար մոնիտորինգն ապահովում է տվյալներ՝
1) ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների, այդ թվում՝ ձնածածկույթների,
2) ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների,
3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության,
4) ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցությունների հետևանքների, ներառյալ՝ աղտոտման,
5) կեղտաջրերի և դրանցում գտնվող նյութերի կազմի ու քանակների,
6) ջրային ռեսուրսների վերականգնման,
7) ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների,
8) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների և դրանց վիճակի,
9) մթնոլորտային տեղումների և մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,
10) ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների,
11) ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Պետական ջրային կադաստրի տվյալները համարվում են պաշտոնական:
Ջրային ռեսուրսների համապատասխան կառավարումը և պահպանությունն ապահովելու նպատակով պետական ջրային կադաստրի տեղեկատվությունը մատչելի է:
Պետական ջրային կադաստրը հաշվառում է ջրային ռեսուրսների հաշվեկշիռը՝ ըստ առանձին ջրավազանների և գումարային:
Ստորերկրյա ջրերի երկրաբանական ուսումնասիրություն և պաշարների գնահատում կատարելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալները պետական ջրային կադաստր ներկայացնելու կարգերը սահմանվում են օրենքով:
Յուրաքանչյուր տարի ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինը ջրային ռեսուրսների մոնիտորինգի մասին Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համալիր հաշվետվություն, որը ներառվում է ջրի ազգային ծրագրի կատարման մասին կառավարության ամենամյա հաղորդման մեջ:
Մատակարարվող ջրերի հաշվառումն իրականացվում է ջրաչափերի միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում կիրառվում է կառավարության հաստատած ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը:
Ջրաչափերի հավաստագրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Բաց հուներում հավաստագրման են ենթակա նաև ջրաչափական դիտակետերը:
Ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունները և վթարները վերացվում են ջրամատակարարման պայմանագրով սահմանված կարգով: Մինչև ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունների և վթարների վերացումը ջրի հաշվառումը կատարվում է կառավարության սահմանած հաշվարկային կարգով, որը հիմնվում է ջրօգտագործողի կողմից ջրի հնարավոր առավելագույն քանակի օգտագործման և ջրամատակարարի ծախսերի նվազագույն փոխհատուցման սկզբունքի վրա: