Հոդված 41. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը
Հոդված 41. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրային համակարգի օգտագործումը և կառավարումը՝
1) չի համապատասխանում սույն օրենսգրքին, ջրօգտագործման պլաններին և ռազմավարությանը, ինչպես նաև դրանց առնչվող իրավական այլ ակտերին.
2) ունի վնասակար ազդեցություն ջրային ռեսուրսների որակի կամ քանակի վրա:
Եթե ջրային համակարգից օգտվելու համար ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմած անձին անհրաժեշտ է սերվիտուտ՝ մեկ այլ անձի սեփականության նկատմամբ, ապա դիմողն այդ մասին պետք է համապատասխան նշում կատարի իր հայտում։
Կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձից պահանջում է նկարագրել անհրաժեշտ սերվիտուտի բնույթը, նշել հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ինչպես նաև դիտարկվող գույքի տեղակայությունները։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձը ներկայացնում է ապացույցներ, որ հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատերերը նախազգուշացվել են ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասին և համաձայն են ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձին տրամադրել անհրաժեշտ սերվիտուտ։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի մեջ պետք է նշվեն դիմողի կողմից ջրային համակարգի օգտագործման նախկին թույլտվությունների, ինչպես նաև ջրային համակարգի օգտագործման ու կառավարման նախկին փորձի մասին։