Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
1. Կենսաթոշակ վճարելը կասեցվում է`
1) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում:
Կենսաթոշակ վճարելը կասեցվում է նշված հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`
1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
2) կենսաթոշակառուի կողմից տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու դեպքում.
3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.
4) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.
5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.
6) նշանակված կենսաթոշակի իրավունքը կորցնելու (կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու) դեպքում:
Սույն հոդվածի երկրորդ մասի 1-5-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ 6-րդ կետում նշված դեպքում` հայտնաբերման օրվանից:
3. Կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից`
1) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
2) սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում նշված դեպքում` սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա:
4. Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է`
1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո` կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա.
3)18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամսին հաջորդող ամսվա 1‑ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:
(60-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-35-Ն)