Հոդված 17. Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 17. Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները
1. Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
2) տիրապետում է հայերենին.
3) չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը).
4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:
2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:
3. Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝
1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
4) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
5) որի նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
4. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:
5. Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը համապատասխանաբար Կառավարության և վարչապետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)