Հոդված 46. Քննչական կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները
Հոդված 46. Քննչական կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները
1. Քննչական կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Քննչական կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:
2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով։
3. Քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:
4. Ծառայողական հաշվեցուցակային զենքի և անձնական պաշտպանության հատուկ միջոցների գործադրման հիմքերի և կարգի նկատմամբ կիրառվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:
5. Քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում քննչական կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
(46-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)