Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 31. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը

1. Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով։ Հավատարմագրման հայտը հաստատելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպությանը տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ։

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին։

Հասարակական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել և դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ։ Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում և դիտորդների համատեղ ցանկ։ Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե դիմումի մերժման արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն, ապա այդ հասարակական կազմակերպությունը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին:

3. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին, կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:

5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե ընտրության երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն չի նշանակվել: Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:

7. Այցելուներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:

8. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

Զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ։ Հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցին տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը կարող է փոփոխվել քվեարկության օրվանից մինչև 3 օր առաջ։

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում զանգվածային լրատվության միջոցին՝ ներբեռնման և տպագրության համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե այն չի բավարարում սույն հոդվածի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից:

9. Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վկայականների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

(31-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-318-Ն, խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 26.12.17 ՍԴՈ-1396 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 04.05.18 ՀՕ-318-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։